«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին ասել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:
«Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող է ինչ-որ թրթուրավոր տեխնիկա անցնել, «դռելով» կողքի հարկում աշխատեն, կարող է՝ օդափոխիչները միանգամից միացնեն կամ անջատեն, ամենատարբեր պատճառներ կարող են լինել»,-մանրամասնել է նա:
Նշենք, որ առևտրի կենտրոնն այսօր փակ է: Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ այսօր առևտրի կենտրոնը չի աշխատելու:
Հիշեցնենք, որ երեկ 18:40 «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին:
Աղբյուրը՝ Tert.am