Ինչպես գիտեք Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, ապրիլի 10-ին առաջարկ էին արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար:
Ձեզ ենք ներկայացնում Հայկ Եսայանի հայտարարությունը.
«Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել` հետևելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը, հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ:
Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի:
Այո, մենք պատասխանատվություն ենք զգում մեր ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար` չվտանգելու արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տնից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը: Այս պահի դրությամբ արդեն 843 աշխատակից ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը և իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով, ինչպես նշեցի, ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը:
Հայտարարությունը տարածել է Ucom-ի մամուլի ծառայությունը։