«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն 2024 թվականին արձանագրել է 116.5 մլն դրամ զուտ շահույթ: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 18-ին կայացած ընկերության տարեկան ժողովի ընթացքում:
Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդագրության՝ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում: Ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927.7 մլն դրամ, ինչը 30.5%-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից: Զուտ շահույթը կազմել է 116.5 մլն դրամ, ինչը 10%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ավելին, պլանավորված շահույթը գերակատարվել է 16 մլն դրամով:
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համալիրի ենթակառուցվածքների վերազինման գործընթացին: Մասնավորապես, քննարկվել են հակահրդեհային և օդափոխության համակարգերի արդիականացման աշխատանքները, տանիքի և այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման նախագծային աշխատանքները: Բացի այդ, ներկայացվել է դեպի համալիր տանող աստիճանավանդակի և շատրվանային համալիրի վերակառուցման նախագծային փաթեթի ձեռքբերման ընթացքը:

