Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական վկայությունը

Հրապարակող՝

Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական վկայությունը
Դեկտեմբերի 11-ին Բաքվում տեղի է ունեցել «Երևանի բերդ-քաղաքի ազգագրական քարտեզի» և համանուն կայքի՝ irevan-etnomap.com-ի շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել է Բաքվի արվեստի կենտրոնի «Փորձարարական ստեղծագործության» հասարակական միավորման կողմից՝ Ադրբեջանի ՀԿ-ների պետական աջակցության գործակալության դրամաշնորհի հիման վրա։
Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական ցուցադրումը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված յուրացմանը և աղավաղմանը։ Այս նախագիծը, որը «գիտական-ազգագրական մոտեցման» քողի ներքո փորձում է Երևանը ներկայացնել որպես թուրքական/ադրբեջանական բազմադարյա պատմության մաս, բացահայտ քաղաքական գործիք է՝ ծառայող տարածքային հավակնություններն «հիմնավորելու» նպատակին։ Սա հստակ քաղաքական խնդիր լուծելու ցանկություն է, քաղաքական պրոպագանդա, որը ֆինանսավորվում և համակարգվում է պետության կողմից։
Այս պետական մակարդակի աշխատանքի ֆոնին, նայում ես մեր դաշտին՝ թե ինչ է կատարվում, պետական մակարդակի անգործություն կամ խղճուկ գործողությունների անհատների կողմից: Մինչդեռ Ադրբեջանը ներդրումներ է կատարում՝ խեղաթյուրելով պատմությունն ու մշակույթը և կապիտալիզացնում է այն, ինչ մենք ցանկություն անգամ չունենք, ներդրում է կատարում կեղծիքի վրա հիմնված, բայց գիտական տեսք ունեցող նախագծերում։ Մենք սահմանափակվում ենք էմոցիոնալ ճիչերով՝ նախատեսված ներքին սպառման կամ ինքնագովեստի համար։ Մենք շարունակում ենք ապրել կեղծ պաթոսով և հերոսացումներով, ոգևորվելով մակերեսային և անարդյունավետ գործողություններով:
Քանի դեռ մենք բավարարվում ենք անպտուղ գոռալով և «կեղծ նորությունների» ստեղծմամբ, կեղծ հողի վրա հերոսացնում և շոու ենք սարքում յուրաքանչյուր քայլ, որը ուղիղ կապ ունի ադրբեջանի հետ, դրանով իսկ լռեցնելով այն մարդկանց գործերը, որոնք միգուցե աշխատում են, բայց մենք չենք տեսնում աղմուկի պատճառով։ Դե իսկ Ադրբեջանը շարունակում է համակարգված կերպով աշխատել պատմությունը վերաշարադրելու ուղղությամբ՝ օգտագործելով լուրջ ֆինանսական և ակադեմիական ռեսուրսներ։ Մեր անլուրջ մոտեցումը միայն նպաստում է նրանց հաջողությանը, թողնելով մեզ անպաշտպան պատմական ժառանգության դեմ ուղղված այս լայնածավալ հարձակման դեմ։ Մեր մի աչքը կուրացել է պաթոսից արդեն:

Ամենաթարմ