ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականի դեկտեմբերից սկսել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները՝ «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում: Ծրագրի նպատակն է գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, ապահովել անասնահամաճարակային կայուն իրավիճակ և նպաստել Հայաստանի Հանրապետությունը մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից զերծ երկիր ճանաչելու գործընթացին:
Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը կարող է առաջացնել տնտեսական լուրջ վնասներ՝ կենդանիների անկումից մինչև կաթնատվության նվազում և բրդի կորուստ: Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, ծրագիրը նախատեսված է առնվազն երեք տարվա համար՝ ամենամյա վերանայման հնարավորությամբ: Նմուշառված արյան լաբորատոր փորձաքննության արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH):

