Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են հանգստյան օրերին իրականացված ձնամաքրման աշխատանքները։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ քաղաքային ծառայությունները նախապես պատրաստված են եղել տեղումներին, և ձնամաքրման աշխատանքները սկսվել են ժամանակին։ “Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել,” նշել է նա։
Ըստ Արեյանի՝ փողոցների մշակումը շարունակվել է նաև երեկվա ցերեկային ժամերին։ Նա ընդգծել է, որ ամենածանր աշխատանքը կատարվել է երեկ գիշերը։ “Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշերվա անընդհատ տեղումների մեջ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա,” ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ մաքրելով մայթերը և բակերը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ “այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։” Նա ընդգծել է, որ տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի։

