Փղի ու մկան խաղը

Հրապարակող՝

,

pashinyan tramp

Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի տեղային կրկնօրինակման հետ։ Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, իր գռեհիկությամբ, համառությամբ շատ նման է նրան, ինչ անում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի վարքագիծը հիմնված է ուժի վրա՝ տնտեսական, ռազմական, ինստիտուցիոնալ եւ անձնային։ Նա կարող է նույն այդ ուժը կիրառել ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ԱՄՆ-ի ներքին կյանքի նկատմամբ։ Դա այսօր արդեն տեսանելի է, երբ Թրամփն ու նրա թիմը փաստացի արդարացնում են ICE աշխատակիցների կողմից կնոջ սպանությունը՝ պետական բռնությունը ներկայացնելով որպես կարգուկանոնի պահպանման անհրաժեշտ գին։ Սա ամենաթողություն է, բայց ամենաթողություն, որն ունի ուժային հենք։

Թրամփը նույն կերպ է գործում միջազգային դաշտում՝ Վենեսուելայի, Գրենլանդիայի, վաղը՝ գուցե Կանադայի ուղղությամբ։ Նա անտեսում է առկա իրավունքը, խախտում միջազգային նորմերը եւ իր համար գծում բացառիկ, միակողմանի իրավունքներ՝ ուժի դիրքերից։ Աշխարհն այսօր այդպիսին է՝ կասեն շատերը եւ կանցնեն առաջ։ Բայց հենց այստեղ է կարեւոր «բայց»-ը, որն ակամայից շրջանցվում է։

Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը նույն կերպ շարժվել արտաքին քաղաքական դաշտում։

Պետք է նկատել, որ Փաշինյանի անձնային որակները, քաղաքական կշիռը եւ լիդերային հատկանիշների բացակայությունը նրան նման հնարավորություն չեն տալիս։ Փաշինյանը խարիզմատիկ առաջնորդ չէ, որն ազգին տանում է իր իղձերի հետեւից։ Նա նախորդ տարիներին կարողացել է որոշակի դեր ստանձնել՝ տերությունների ղեկավարների որոշակի պատվերների կատարման շրջանակում միայն։ Մինչ 2020 թ․ պատերազմը նրա ծառայություններից օգտվել է Կրեմլը՝ Չինաստանի ու Իրանի հետ իր հարաբերություններում (2019 թ․ Փաշինյանի Թեհրան աշխատանքային այցից հետո Իրանի նախագահ Ռուհանին մասնակցեց Երեւանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, իսկ Պեկին աշխատանքային այցից հետո Սի Ծինփինը մասնակցեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին)։ 2020 թ․ հետո նրա ծառայություններից օգտվել է Անկարան՝ Արցախի խնդիրը միջազգային օրակարգից դուրս բերելու, Հայաստանի Հանրապետության ազգային շահերը չեզոքացնելու հարցերում, օգտվել է Վաշինգտոնը՝ Թրամփի ուղի (TRIPP) նախագծի գործարկմանը հասնելու հարցում եւ այլն։ Այս ամենը տեղավորվում է ուժային կենտրոններին ծառայություն մատուցելու Փաշինյանի գործելակերպի մեջ։

Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը նույն կերպ շարժվել ներքին քաղաքական դաշտում։

Ներքին կյանքում ուժի դիրքերից եւ ուժին ապավինելով խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են որոշակի պարտադիր պայմաններ։ Առաջինը՝ խարիզմատիկ լիդերի գործոնն է․ այն մարդու առկայությունը, ով կարող է մոբիլիզացնել ուժային կառույցներին ու ժողովրդական զանգվածներին որոշակի ծրագրերի շուրջ։ Մեր դեպքում, սակայն, Փաշինյանը կարողանում է իր ծրագրերն առաջ մղել միայն ինտրիգների, ձեռնածությունների, քաղաքական շուլերությունների հաշվին։ Երկրորդը՝ այդ լիդերի դիմաց կանգնած քաղաքական սուբյեկտների որակն ու կարողականությունն են։ Այս հարցում, իհարկե, Փաշինյանն առավելություն ունի, որը նրան անհիմն ինքնավստահություն է տալիս։ Երրորդը՝ հանրության վերաբերմունքն է իշխանության կիրառած ուժին, ինչպես նաեւ՝ իրավունքների ու ազատությունների սահմանափակմանը։ Այս գործոնն էական է այնքանով, որ Փաշինյանին երբեք չի կարող ապահովել արեւելյան խանի կարգավիճակ։

Այսօր շատերն են համոզված, որ իր իշխանությունը պահպանելու համար հարկ եղած դեպքում ՀՀ վարչապետը կանգ չի առնելու բիրտ ուժի կիրառության հարցում։ Թրամփի կերպարի նմանակումը, միջազգային իրավունքի խաթարման խորապատկերին Հայաստանում Սահմանադրության ու օրենքների արհամարհումը, աշխարհակարգի փլուզման խորապատկերին որեւէ կարգի ու կանոնի չհետեւելը թվում է, թե հնարավորություն են տալիս Նիկոլ Փաշինյանին գործելու այն նույն ցինիզմով, ինչպես գործում է Թրամփը։

Իհարկե, Թրամփը կարող է իրեն թույլ տալ ուժով կարգավորել ներքին հարցերը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ նույն բանն անել։ Նրա անձի հոգեբանական կառուցվածքն այնպիսին է, որ կարելի է ասել՝ նա արգելակներ չունի։ Սակայն, այստեղ կարեւոր է դառնում, ոչ թե այն, թե ինչ կանի Փաշինյանը, այլ այն՝ ինչ հետեւանքների կբերի այդ համառությունը։ Իսկ այդ հետեւանքները կարող են լինել քաղաքացիական պատերազմը, համատարած քաոսը եւ պետության կազմաքանդումը։

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի»․ սա ոչ թե հռետորական չափազանցում է, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերջնագիրը հայ ժողովրդին։ Եվ սա այն կետն է, որտեղ Թրամփի եւ Փաշինյանի ճանապարհները վերջնականապես բաժանվում են․ մեկը խաղում է ուժի վրա՝ ունենալով ուժ ու կարողություն, մյուսը փորձում է խաղալ նույն խաղը՝ ունենալով անսահմանափակ քմահաճություն, բայց չունենալով ոչ ուժ, ոչ առաջնորդություն, ոչ էլ պատմական պատասխանատվության զգացում։

Ամենաթարմ