Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։ Reuters-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։ “Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարքին։ Կարծում եմ՝ Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելուն,” – նշել է Թրամփը։
Թրամփը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի ղեկավարած բանակցությունների ձախողմանը, նշելով, որ պատճառը Զելենսկին է։ “Ես պարզապես կարծում եմ, որ նա, գիտեք, դժվարանում է դրան հասնել,” – ասել է նա։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կարող է հանդիպել Զելենսկու հետ, սակայն դեռևս որևէ ծրագիր այս մասով հաստատված չէ։ Թրամփի հայտարարությունները հակասում են եվրոպացի դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմը վերջ տալու հարցում։

