Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել եւ երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ իբր Կիեւը, այլ ոչ թե Մոսկվան է խոչընդոտում հնարավոր համաձայնագրի կնքմանը։ «Հենց ռուսական հրթիռները, ռուսական «շահեդները» եւ Ուկրաինայի ոչնչացման Ռուսաստանի փորձերն են հստակ ապացույցն այն բանի, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, եւ երբ ռուսական հարվածներն ուղղված են մեր էներգետիկ համակարգը խաթարելուն եւ մեր ժողովրդի դեմ, հենց Ռուսաստանի վրա է պետք ճնշում գործադրել։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Մենք զգալիորեն կակտիվացնենք մեր դիվանագիտական ջանքերը՝ ե՛ւ հանրային, ե՛ւ պաշտոնական, ե՛ւ մասնավոր, ե՛ւ ոչ պաշտոնական»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ, Reuters-ի հարցազրույցում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել գրեթե չորս տարի առաջ սկսած պատերազմը։ «Ես կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել»,- ասել է Թրամփը Ռուսաստանի նախագահի մասին։ «Կարծում եմ՝ Ուկրաինան այնքան էլ պատրաստակամ չէ գործարք կնքելու»։ Երբ Թրամփին հարցրել են, թե ինչու ԱՄՆ մասնակցությամբ բանակցությունները դեռեւս չեն հանգեցրել խաղաղության, նա պատասխանել է՝ «Զելենսկի»։ «Ես կարծում եմ՝ նրա համար դժվար է դա անել»,- ավելացրել է նա ճշգրտող հարցից հետո։
Ուկրաինան երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ
Հրապարակող՝

