Ի դեպ․ Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ

Հրապարակող՝

,

tatevik

Ամենադիտվածներ

Ադրբեջանի իրական նկրտումների մասին Տաթևիկ Հայրապետյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։

Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։

Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։

Օրինակ՝
– «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։

– «Ելույթ ունեցողները, այդ թվում՝ գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները, նշեցին, որ հրատարակությունը կենսաբազմազանության ապագա ուսումնասիրությունների համար կարևոր աղբյուր է և նաև նպաստում է Ղարաբաղի և Արևմտյան Ադրբեջանի մասին գիտական ճշմարտությունները միջազգային հանրությանը հասցնելուն»։

– «Արևմտյան Ադրբեջանի հարցը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ նախագահ Իլհամ Ալիևի վճռականության արդյունքում»։

– «Իգդիրում պահպանվել է երևանյան գորգերի ադրբեջանական ավանդույթը։
Թուրքիայի Իգդիրի նահանգի նահանգապետարանը աջակցել է գորգագործության դասընթացներին՝ «Իրավան գորգ» տեխնիկայի մասնագետներ պատրաստելու համար, պահպանելով ադրբեջանական ամենահին ավանդույթներից մեկը, AZERTAC-ին ասել է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» ընկերության ղեկավար Սարդար Իգդիրը»։

– «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների հետ կապված հարցերը լուծելը դարձել է քաղաքական և գիտական հիմնական առաջնահերթություն, որը արտացոլում է երկրի հանձնառությունը պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանմանը»։

– «AZERTAC-ը հաղորդում է, որ ուղերձում ընդգծվել է ամբողջ աշխարհի ադրբեջանցիների միասնության և ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ընտրված ուղու շարունակման կարևորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ամրապնդում է կապերը սփյուռքի հետ, պաշտպանում նրանց իրավունքները և աջակցում է ադրբեջանցիների խաղաղ վերադարձին իրենց նախնիների հողեր, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջան, ամրապնդելով ազգային համերաշխությունը»։

– «Բակիխանովի անվան պատմության և ազգագրության ինստիտուտում պատրաստվում է «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրություն» վերնագրով հրատարակություն, AZERTAC-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր և Արևմտյան Ադրբեջանի համայնքի տնօրենների խորհրդի անդամ Նազիմ Մուստաֆան»։

– «Բաքվում վերաբացվեց Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնը՝ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով վերանորոգումից և վերակառուցումից հետո»։

– «Վերջին 200 տարիների ընթացքում էթնիկ զտումների, տեղահանության և ցեղասպանության ենթարկվածները միշտ վերադարձել են, և նրանք կրկին կվերադառնան՝ խաղաղ ճանապարհով, իրենց սեփական մեքենաներով»,- ասել է ադրբեջանցի պատգամավոր Ալեքբարլին՝ ընդգծելով, որ միջազգային աջակցությունն ու համակեցությունը փախստականների անվտանգ վերադարձի բանալին են»։

Սրանք ընդամենը ՀՀ-ի դեմ տարվող վտանգավոր խոսույթի մի փոքր հատվածն են։ Այս ամենի դեմ ՀՀ ներկայիս իշխանությունը ոչինչ չի անում։ Ես նախկինում նշել եմ, որ նրանց վտանգավոր անգործությունը ցույց է տալիս, որ նրանք չեն պատրաստվում դիմադրել այս օրակարգին։ Սա իրականում կանխելի է հստակ ու համառ աշխատանքի միջոցով։ Սա 0-ից հորինված օրակարգ է, որը գնալով նոր թափ է ստանում Ալիևի հրահանգով և ուղիղ հովանավորությամբ։ Միշտ հիշեք՝ ցանկացած ագրեսիա, ցեղասպան գործողություն, վտանգավոր ծրագիր սկսվում է պատումից, նույն ինքը՝ նարատիվից։ Ողջ ԼՂ պատմությունը դրա վառ ապացույցն է, իսկ հետո, երբ կեղծ պատումը մարդկանց ուղեղում են մտցնում, արդեն գալիս է բուն գործողության փուլը։ Սա պետք է կանխել, քանի դեռ գործ ունենք պատումի հետ։ Դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք։

Ամենաթարմ