Ինչպես պարզել է «Հետքը»՝ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաալիքի յութուբյան ալիքում 2025 թվականի դեկտեմբերի 20-ին հրապարակվեց մեկ ու կես ժամանոց ֆիլմ՝ Բաքվում բանտարկված հայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել էր Հակարիի կամուրջն անցնելիս՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման ժամանակ։ Նրան այնուհետև տեղափոխել էին Բաքու և առաջադրել մի շարք կեղծ մեղադրանքներ, ինչպիսիք են «ահաբեկչության ֆինանսավորում» և «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծում»: Ֆիլմը, որը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն, ներառում է հարցազրույցներ, որոնք նախկինում տրվել են այլ թեմաների շուրջ, սակայն օգտագործվել են ադրբեջանական քարոզչության նպատակներով։
Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմում եղած որոշ հարցազրույցներ նկարահանվել են Հայաստանում
Հրապարակող՝

