Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա

Հրապարակող՝

,

Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա

Ամենադիտվածներ

Նիկոլ Փաշինյանի հնարած «Իրական Հայաստան» գաղափարախոսության մեջ հայրենիքը ընկալվում է որպես այստեղ եւ հիմա գոյություն ունեցող, իրավականորեն ճանաչված պետություն, որի արժեքը պայմանավորված է ոչ թե պատմական իդեալներով կամ Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի ստեղծած հսկա մշակութային ժառանգությամբ, այլ ներկա ինքնիշխանությամբ, կառավարելիությամբ եւ քաղաքացիական պատասխանատվությամբ։ Կարեւոր է հասկանալ, թե ինչ պատկերացումներից է սնվել ու ձեւավորվել այդ «գաղափարախոսությունը»։

Մեզանում, օրինակ, տարածված է մի պատկերացում, ըստ որի հայրենիքի հանդեպ սերը նախ եւ առաջ նշանակում է սեր ու հոգատարություն այն անմիջական միջավայրի հանդեպ, որտեղ ապրում ենք։ Սա ինքնին ազգային բարձրարժեք մշակույթի դրսեւորում է։ Սակայն դրանից բխեցվում է նաեւ մեկ այլ, խնդրահարույց մեկնաբանություն․ եթե մարդը չի կարողանում իր ունեցած միջավայրը բերել իդեալական վիճակի, ապա իբր իրավունք չունի որեւէ պահանջ կամ հավակնություն ունենալ այլ տարածքների նկատմամբ։ Հայրենիքի հարցում այդ միտքը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ եթե չենք կարողանում լիարժեք շենացնել մեր ունեցած 29 հազար քառակուսի կիլոմետրը, ապա իրավունք չունենք խոսելու պատմական հայրենիքի մասին։ Այս մոտեցմամբ հայրենիքը սիրելը վերածվում է պարտադիր ինքնաբավության՝ բավարարվել ունեցածով, քանի որ «մաքրելու ու կառուցելու» դաշտն արդեն իսկ չափազանց մեծ է։

Իրականում սա ոչ թե իրատեսություն է, այլ հայրենասիրության իմաստային նեղացում, որը անուղղակիորեն հայտարարում է նախորդ սերունդների ձգտումներն ավելորդ, իսկ ներկա սահմանները՝ բավարար՝ հայրենիքի սահմանները որոշելու համար։ Այս տրամաբանությունը ժամանակի ընթացքում վերածվում է պարտվողական ինքնաբավարարվածության՝ մարդուն վարժեցնելով մեծի կամ մասշտաբայինի մասին մտածելը ընկալել որպես վտանգավոր շեղում, որը կարող է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել լինել-չլինելու խնդրի առաջ։

Քաղաքական տարրական տրամաբանությունը հուշում է, որ աշխարհում չկա այնպիսի իդեալական պետություն, որը կառանձնանա իր անթերի մաքրությամբ, լիարժեք կարգաբերվածությամբ ու բոլորի համար սիրելի կառավարման համակարգով։ Սակայն կատարյալ պետություն կառուցելու ձգտումը բնորոշ է բոլոր հանրություններին։ Իսկ այդ ճանապարհին ոչ մի ժողովուրդ երբեք չի հրաժարվում սեփական պատմական, քաղաքական ու մշակութային ժառանգությունից եւ իրավունքներից։

Բոլոր պետությունների համար բնական է ունենալ բանակ, վարել ազդեցության ծավալման քաղաքականություն, կառուցել երկարաժամկետ պետական ռազմավարություն՝ հիմնվելով պատմական փորձի ու ժառանգության վրա։ Մեզ համար, սակայն, այսօր նույնիսկ անցյալից փոխանցված պետական եւ ազգային խորհրդանիշների պահպանումն է հաճախ ներկայացվում որպես «չափազանցություն»։ Այս տրամաբանության արդյունքում ձեւավորվում է մի մտածողություն, որը ոչ ինքնուրույն է, ոչ էլ բխում է ազգային շահից․ այն մարդու մեջ ամրապնդում է հարմարվողի դերակատարումը՝ սնվելով պարտվողական հոգեբանությամբ եւ աստիճանաբար նորմալացնելով զիջումը որպես սովորական վարքագիծ։

Միեւնույն ժամանակ մեզանում տարածված է նաեւ մեկ այլ պատկերացում, ըստ որի հայրենասիրությունը սահմանափակվում է լեզվի ու մշակույթի պահպանությամբ, իսկ պետական, քաղաքական կամ պատմական պահանջատիրությունը ներկայացվում է որպես վտանգավոր հռետորաբանություն։ Հենց այսպիսի պատկերացումներից է սնվում նաեւ «Իրական Հայաստան» կոչվող գաղափարախոսությունը՝ հայրենասիրությունը սեղմելով անվտանգ, ոչ պահանջատեր շրջանակի մեջ եւ զրկելով այն քաղաքական ու պատմական չափումներից։

Սակայն այստեղ անխուսափելիորեն բացվում է հիմնարար հակասությունը։ Եթե հայրենասիրությունը միայն մշակույթի պահպանությունն է, ապա անհրաժեշտ է հստակեցնել՝ ո՞ր մշակույթի մասին է խոսքը։ Հայ մշակույթը երբեք չի եղել ինքնամփոփ համակարգ՝ կտրված պատմական տարածքից, պատմական հիշողությունից եւ խորհրդանիշներից։ Դրա առանցքային հենարաններից մեկը Արարատն է՝ ոչ միայն որպես լեռ, այլ որպես ինքնության, պատմական հիշողության եւ հավաքական ինքնագիտակցության խորհրդանիշ։ Չարենցի «ճերմակ գագաթը» չի կարող վերածվել «սար է էլի»-ի՝ առանց մշակութային բովանդակության աղքատացման։

Հայ մշակույթն առանձին անհատական ձեռքբերումների հանրագումար չէ, որքան էլ դրանք արժեքավոր լինեն։ Այն ամբողջական համակարգ է՝ հոգեւոր, նյութական, գաղափարական եւ սիմվոլիկ առանցքներով, որոնք ձեւավորել են ժողովրդի պատմական դիմագիծը։ Երբ հայրենասիրությունը սահմանվում է միայն լեզվով ու մշակույթով՝ դիտավորյալ դուրս թողնելով մեր նշած առանցքները, այն վերածվում է անվնաս, հարմարեցված եւ քաղաքականապես դատարկ հասկացության։ Իսկ սա արդեն այն պատկերացումների տրամաբանական շարունակությունն է, որոնց վրա կառուցվում է «Իրական Հայաստան» կոչվող կեղծ գաղափարախոսությունը։

Ամենաթարմ