Ի դեպ․ Վենսի այցից և TRIPP-ի օրակարգից Հայաստանը ստանում է գեղեցիկ ձևակերպումներ, մշուշոտ խոստումներ, ձևական ներգրավվածություն

Հրապարակող՝

,

Yana Mantasheva

Ջեյմս Դեյվիդ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Վենսի այցը Հայաստան ներկա իշխանության կողմից ներկայացվում է որպես «պատմական հաղթանակ» և «դիվանագիտական բեկում», բայց իրականում այն ավելի շուտ խորացնում է Հայաստանի ռազմավարական խոցելիությունը, քան լուծում որևէ հիմնարար խնդիր։ Հանրային հարթակում փորձ է արվելու խաղալ մարդկանց հույզերի վրա՝ ընդգծելով ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներգրվածություն, համագործակցություն և նման ամպագոռգոռ խոսքեր, բայց այդ ամբողջ փաթեթի տակ թաքնված է խիստ ասիմետրիկ գործարք, որտեղ շահերը միակողմանի են:
Ադրբեջանը ստանում է համակարգային, երկարաժամկետ առավելություններ, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ պարտավորություններ, անվտանգային ռիսկեր և սուվերենության կրճատվող դաշտ։

Այցի առանցքում կանգնած TRIPP նախագիծը Սյունիքով անցնող հաղորդակցական երթուղի է, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ ԱՄՆ ռազմավարական հովանավորությամբ։ Սա Բաքվին տալիս է այն, ինչի շուրջ տարիներ շարունակ ճնշում էր գործադրում՝ de facto երաշխավորված ցամաքային կապ իր էքսկլավի և Թուրքիայի միջև։ Այսինքն` Ադրբեջանը ազատվելու է Իրանից ու Վրաստանից որպես հիմնական տրանզիտային ուղիներից կախվածությունից, ստանալու է կայուն, քաղաքականապես պաշտպանված ճակատ Սյունիքով, իսկ թուրք–ադրբեջանական առանցքը վերածվելու է տարածաշրջանային տրանզիտային և էներգետիկ «միջուկի»։ Այս միջանցքը Բաքվին ապահովում է ոչ միայն ավելացված տնտեսական ու լոգիստիկ եկամուտներով, այլև՝ լրացուցիչ լեգիտիմությամբ Արևմուտքի աչքում, ներկայացվում է որպես «խաղաղության գործընկեր» և Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևոր տարր, ինչը բարձրացնում է նրա բանակցային կշիռը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ արտաքին մեծ խաղացողների հետ հարաբերություններում։

Պաշտոնապես նշում են, թե Սյունիքով անցնող ճանապարհը, իբր, մնում է Հայաստանի ինքնիշխան վերահսկողության տակ, գործնական օրակարգում արդեն գծագրվում է մի համակարգ, որտեղ գործելու են միջազգային կանոններ, «չեզոք» կառավարման մարմիններ և արտաքին վերահսկողության մեխանիզմներ։ Այսինքն, մեր պետության իրական իշխանությունը այդ ռազմավարական հատվածի վրա սահմանափակվելու է, իսկ որոշումների ընդունման առանցքային լծակներն ավելի ու ավելի են տեղափոխվելու Հայաստանի քաղաքական դաշտից դուրս։ Մեր տարածքը օգտագործվելու է որպես անցումային ենթակառուցվածք, բայց ոչ որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտի տարածք, որը կարող է իր շահերով պայման դնել խաղի կանոնները։

Բայց մենք ստանում ենք միայն գեղեցիկ ձևակերպումներ՝ խոստումներ ներդրումների, նոր տեխնոլոգիաների, ատոմակայանի հետ կապված համագործակցության, ինչ-որ ապագա ծրագրերի մասին, որոնք ներկայացվում են որպես հնարավորություն, այլ ոչ թե պարտադիր իրականություն։ Սրանք հստակ, իրավաբանորեն ամրագրված անվտանգության կամ սոցիալ–տնտեսական շահեր չեն, այլ մշուշոտ ապագայի հույսեր, որոնք կարող են իրականացվել, բայց նույնքան էլ կարող են մնալ կիսատ–պռատ հայտարարությունների մակարդակում։

Գործնականում ոչ մի պարտադիր, կոնկրետ մեխանիզմ չկա, որը կապի միջանցքի բացումը և այլ զիջումները Հայաստանի անվտանգային ապահովագրության հետ։

Իրականությունն այն է, որ Հայաստանը հսկայական զիջումների է գնում, բայց դրա դիմաց չի ստանում ոչինչ, օրինակ` գերիների հարցը: Մենք տեսնում ենք, թե ինչ է անում Ալիևը: Դրա վառ օրինակը Ռուբեն Վարդանյանն ու Արցախի մյուս ղեկավարներն են, որոնց Բաքուն շարունակում է ապօրինաբար պահել պատանդի կարգավիճակում։ Վերջերս ադրբեջանական դատարանների կողմից կայացված շինծու դատավճիռները ևս մեկ անգամ ապացուցում են, որ առանց պարտադիր պայմանների՝ գեղեցիկ հայտարարություններն ուղղակի դատարկ խոսքեր են։

Ավելին, պետք է հասկանալ, որ գերիների հարցը ոչ թե միջազգային ճնշման արդյունք է, այլ Ալիևի «նվերը» Նիկոլ Փաշինյանին։ Դա արվում է հատուկ ժամանակացույցով՝ ընտրությունների շեմին իշխանության վարկանիշը փրկելու համար։ Ալիևը դեռ նման «նվերներ» կանի, որպեսզի պահպանի իրեն ձեռնտու իշխանությունը և ստանա նորանոր զիջումներ, մինչդեռ մեր հայրենակիցների հարցը դառնում է ընդամենը քաղաքական առևտրի առարկա։

Վենիսի նախաձեռնած օրակարգը խտացնում է նաև Հայաստանի ռազմավարական կախվածությունը մեկ նոր կենտրոնից՝ առանց հստակ հաշվարկված հակակշիռների։ TRIPP-ը կառուցված է այնպես, որ Հայաստանը ավելի խորը ներգրավվի ԱՄՆ-ի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական նախագծի մեջ: Մենք աստիճանաբար վերածվում են «տրանզիտից կախված բուֆերի», որտեղ բեռնատարները, էներգետիկ հոսքերը և մեծ տերությունների մրցակցության ռիսկերը անցնում են մեր տարածքով, բայց այդ ամենի դիմաց մեր բանակցային ազատությունն ու անվտանգության իրական երաշխիքները չեն աճում, այլ՝ փոքրանում։ Մեր վրա է կենտրոնացվում բախման հնարավոր գոտին, մինչդեռ որոշումների կենտրոնները դուրս են մեզանից։

Եթե այս ամբողջ կառուցվածքում փորձենք պարզ տեսքով սահմանել դերակատարներին, պատկերը մոտավորապես այսպիսին է. շահող բևեռներն են, մի կողմից, ԱՄՆ-ը, որն իրենց ընկալմամբ Հարավային Կովկասում ձևավորում է նոր աշխարհաքաղաքական հենակետ, շրջանցում Ռուսաստանի և Իրանի ուղիները, ուժեղացնում վերահսկողությունը էներգետիկ և լոգիստիկ շղթաների նկատմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը, որը վերջապես ձեռք է բերում իր վաղեմի հիմնական նպատակը՝ ապահով, միջազգային հովանավորությամբ միջանցք դեպի Նախիջևան և Թուրքիա։ Այդ միջանցքի միջոցով Բաքուն ոչ միայն ամրապնդում է իր տարածաշրջանային դիրքը, այլև ընդլայնում մուտքը արևմտյան քաղաքական ու ռազմական տիրույթ, ստանում է նոր գործիքներ ներսում սեփական ռեժիմի լեգիտիմությունը համար:

ինչ է ստանում Հայաստանը Վենսի այցից և TRIPP-ի օրակարգից, ամենաազնիվ պատասխանը մնում է հետևյալը․ հիմնականում գեղեցիկ ձևակերպումներ, մշուշոտ խոստումներ, ձևական ներգրավվածություն մի նախագծում, որը իրականում ղեկավարում և վերահսկում են ուրիշները։ Դրա դիմաց վճարվող գինը չափազանց բարձր է՝ Սյունիքի ռազմավարական դիրքի, սուվերեն որոշումների իրավունքի, անվտանգության համակարգի, տարածաշրջանային հավասարակշռության և մեր երկարաժամկետ ինքնիշխանության հաշվին։

Այցի շուրջ ստեղծվող «պատմական հաղթանակի» դիսկուրսը հենց դա էլ փորձում է ծածկել՝ հույզերով փոխարինելով սառը հաշվարկը, բայց քաղաքական իրականության մեջ այդ զգացմունքային մակարդակը ոչինչ չի փոխում. Հայաստանը մնում է գործարքի ամենաթույլ օղակներից մեկը՝ առավելագույն ռիսկերով և նվազագույն ապահովագրված շահերով։

Ամենաթարմ