Ի դեպ․ Այն պնդումը, թե 20-րդ դարից հետո խնդիրները խոսելով են լուծվելու, խիստ հեռու է օբյեկտիվ իրականությունից

Հրապարակող՝

suren sahakyan

Ամենադիտվածներ

Արցախի ու Ռուբեն Վարդանյանի ինքնազոհուղության մասին Սուրեն Սահակյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում իր նկատմամբ տեղի ունեցող «դատավարության» ժամանակ ասել է․ «…Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով»։ Ի սկզբանե ես խիստ բացասաբար եմ վերաբերել Հայաստանի քաղաքական դաշտում Ռուբենի ակնկալիքների փաստին։ Իմ խորը քննադատությունը նաև նրա արցախյան գործունեությանն է վերաբերում, որը, քանի դեռ նա Բաքվում է, ոչ հնչեցրել եմ, ոչ էլ կհնչեցնեմ։ Բայց նրա հենց էս խոսքերի մասին ես էլ էի հենց երեկ մտածում։

Արցախը եղել է ներկայիս շատ գերտերություններում ապրող ժողովուրդների մոտ պետականություն երևույթի գիտակցումից շատ առաջ։ Ասում են՝ Արցախի հարցը ԿԳԲ-ն է մեր վզից կախել։ Արցախի հարցը եղել է Խորհրդային Միության ձևավորումից էլ առաջ։ Ես ակնոցներ եմ կրում, որովհետև եղել է Արցախի հարցը։ Իմ ու իմ սերնդակիցների մոտ կենցաղային ու մտածողության որոշակի սովորույթներ են առաջացել, որովհետև եղել է Արցախն ու նրա հետ կապված հարցը։ Ես նույնիսկ չեմ խոսում մեր ինքնության մեջ Արցախի էական դերի, Ամարասի ու Գանձասարի նշանակության մասին։ Ես ամենացածր մակարդակում խոսում եմ մի անձի ու սերնդի ձևի ու բովանդակության կանխորոշման մեջ Արցախի ունեցած բարձր նշանակության մասին։

Արցախը լինելու է, քանի դեռ ես/մենք կանք, քանի կան դրա հետ իրենց էությունը կապողները՝ առավել ևս էնտեղ ծնված ու ձևավորված մարդիկ։ Արցախը չի կարող դադարել գոյություն ունենալ փաստաթղթեր ստորագրելով ու խնդրի կարգավորմամբ զբաղվող մարմինները լուծարելով։ Պետական քարոզչությամբ ու վախենալով նրա իրական անունը տալ, այն մեր միջից դուրս չի գա։ Նրանք, որոնք էսօր փորձում են դա անել, չեն լինելու, իսկ Արցախը լինելու է։

Սա էն պատճառով չի, որ ես «նացիոնալիստ եմ» (ոնց օրերս ակնարկում էր ընկերներիցս մեկը)։ Դա է օբյեկտիվ ճշմարտությունը, որովհետև մարդը մահկանացու է, գաղափարը՝ չէ։ Մի այլ օբյեկտիվ ճշմարտություն է, որ խաղաղությունը կողմերից մեկի անցյալը ջնջելու փորձով չի հաստատվում։ Նույնիսկ երկիրը քարուքանդ անելով ու այն բնակեցնող ժողովրդին ստրկության տանելով էդ հարցը չի լուծվում։ Աշխարհը նման փորձեր էլ ունի։ Իսկ այ էն պնդումը, թե 20-րդ դարից հետո խնդիրները խոսելով են լուծվելու, խիստ հեռու է օբյեկտիվ իրականությունից։ Դա ուտոպիա է, որի ադեպտները էսօր արդեն մասսայական ֆրուստրացիայի են ենթարկվում։ Ու էս գրառումս պատերազմի քարոզ չի։ Հակառակը, սա խաղաղության քարոզ է, որովհետև խաղաղություն լինում է նրանց միջև, ովքեր հասկանում են՝ իրար կոտորելով հարցը չի լուծվում։ Բոլոր իրական, երկարատև խաղաղությունները տենց են ձևավորվել։ Եթե մեկը կարծում է, թե կոտորելով կամ դրա սպառնալիքով հարցերը կարող են լուծվել, էդտեղ խաղաղությունը հարաբերական է, ժամանակավոր։ Միայն սա հասկանալով է հնարավոր բռնել խաղաղության ճանապարհը։ Իսկ անցյալը ջնջելով խաղաղության հասնելը անհնար է, որովհետև ով անցյալ չունի, ապագա էլ չունի։ Տեսեք՝ Ադրբեջանը անցյալ չունի, ու ապագա ունենալու համար ստիպված ստեղծում է էդ անցյալը, մեր հաշվին։ Եթե պետք է, էս հարցը կարող ենք քննել առանձին, փաստերով։

Ինձ հեշտ է սրա մասին գրելն ու խոսելը։ Իսկ Ռուբենը դրա մասին խոսում է մի տեղ, որտեղ իրենց ստեղծած «անցյալը» կասկածի տակ դնելը մահացու մեղք է։ Էդ առումով՝ հարգանքս նրա համարձակությանն ու ինքազոհողությանը։ Միշտ չի, որ ճշմարտությունն ասելը համատեղելի է կյանքի ու դրա որակի հետ։ Ավելին, ճշմարտությունը միշտ անհարմար է։

Ամենաթարմ