fbpx
Հասարակություն

Հավլաբարում կատարվել է հայկական թատրոնի շենքի հիմնարկեք

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նախկին տեղում կատարվել է հայկական թատրոնի շենքի հիմնարկեք: Արարողությանը մասնակցել են թատերական խմբի անդամներն ու հայկական համայնքի ներկայացուցիչները: Դերասաններն ու հայկական համայնքի ներկայացուցիչները թատրոնի շենքի բետոնապատ հիմքում՝ պարկուճի մեջ տեղադրել են իրենց ցանկություններով ու բարեմաղթանքներով գրություններ, մետաղադրամներ:

Առաջին թատերական խումբը Թբիլիսիում ձևավորվել է 1824-ին՝ Ներսիսյան դպրոցում: 1921թ թատրոնը ստացել է պետական կարգավիճակ և կոչվել է Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: 1936-ին Թբիլիսիի հայտնի Հավլաբար թաղամասում կառուցվել է թատրոնի շենքը, որը հետխորհրդային շրջանում՝ 1991թ. վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն:

Ժամանակի ընթացքում շենքի մաշվածությունը, միջոցների սղությունը թատրոնի շենքը հասցրեցին օրհասական վիճակի, երբ առանձին հատվածների փլուզման վտանգի պատճառով, անձնակազմն աշխատում էր ընդհանրապես այդ հատվածում ոտք չդնել: Ի վերջո հասավ այն աստիճանի, որ անվտանգության նկատառումներով շենքի շահագործումը դարձավ ոչ նպատակահարմար:

Որոշ ժամանակ անց Վրաստանի կառավարությունը ստանձնեց շենքի վերանորոգման աշխատանքները, սակայն Սեյսմիկ կենտրոնը գտավ, որ այն ոչ թե վերանորոգման, այլ վերակառուցման ենթակա է:

2017թ Թբիլիսիի քաղաքապետարանը Քարթու բանկի հովանավորությամբ ստանձնել է թատրոնի նախկին տեղում, նախկին նախագծով շենքի շինարարությունը, որի ավարտը նախատեսվում է 2020թ-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հայտարարությամբ՝ թատրոնի շենքը երկար ընդմիջումից հետո իր դռները կբացի ժամանակակից օթյակներով, ամֆիթատրոններով, դահլիճով, ժամանակակից սարքավորումներով: Շենքում նախատեսվում է 162 տարիների ընթացքում կուտակված մեծ արխիվի հիման վրա թանգարանի հիմնադրում:

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ