Թուրքիայի «Կոնսենսուս» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հետազոտական կենտրոնի ղեկավար Մուրաթ Սարըն փոխանցել է, որ ըստ անցկացված հարցումների արդյունքների՝ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու՝ Էքրեմ Իմամօղլուն 2 միավորով առաջ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուից՝ Բինալի Յըլդըրըմից։
Նա նշել է, որ հարցումները իրականացվել են ապրիլի 21-22, որոնց մասնակցել է 40․000 մարդ։ Հարցումների մասնակիցների 54․96%-ը հայտնել է, որ իր ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուին։
Պարզվել է, նաև որ Իմամօղլուին դեմ քվեարկողների մեծամասնությունը 18-29 տարիքային խմբի ներկայացուցիչներ են։
Սարըի խոսքով՝ հարցմանը մասնակցած վերոհիշյալ տարիքային խմբի 42․2%-ն ասել է, որ կքվեարկի Յըլդըրըմի օգտին։
Հարցմանը մասնակցած 30-39 տարիքային խմբի ներկայացուցիչների 49%-ը, 40-49 տարիքայի խմբի 44․9%-ը, իսկ 60-ից բարձր քաղաքացիների՝ 47․2%-ը պատրաստ է իր քվեն տալ Իմամօղլուին։
«Կոսենսուսի» ղեկավարի տվյալներով՝ հարցումների արդյունքում կանխատեսվում է, որ Իմամօղլուն կստանա 50․2%-ը, իսկ Յըլդըրըմը՝ 48․1% քվե։

