Հունիսի 27-ին Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում:
«Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը նախորդ հունվար-մայիսի նկատմամբ՝ 0․1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են»,- ասաց նա:
Վարչապետն ասաց՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա տվյալներով կունենանք շոշափելի աճ:
Փաշինյանը հավելեց, որ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների տվյալներով՝ այս ոլորտը արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29․5 տոկոս, նաև միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների խումբն է մեծ աճ արձանագրել:

