fbpx
Քաղաքականություն

Ալիևն ասել է, որ մարտերի տևողությունը կախված է Հայաստանից

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Բաքուն չի ցանկանում երրորդ երկրի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Թուրքիայից օգնություն է ակնկալում։

«Մենք չենք ակնկալում երրորդ երկրի միջամտությունը։ Մենք նաև որևէ երկրի միջամտության հնարավորություն չենք տեսնում, որովհետև մեր շուրջը գտնվող երկրները մեր գործընկերներն ու բարեկամներն են»,- ասել է նա։

«Սա պայքար է մեր և Հայաստանի միջև, և մնացած բոլորը պետք է ձեռնպահ մնան դրանից»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, սակայն տարածաշրջանում մարտերի տևողությունը կախված է միայն Հայաստանից:

«Դա [մարտերի տևողությունը] կախված է Հայաստանից։ Ես միշտ ասել եմ, որ մենք կարող էինք դադարեցնել դրանք նաև այսօր»,- ասել է նա։

«Այն հանգամանքը, որ մենք երեք անգամ համաձայնել ենք հրադադարին, ցույց է տալիս ռազմական առճակատումը դադարեցնելու և այդ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մեր պատրաստակամությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել Է Ալիևը՝ հրադադարի խախտումների համար մեղադրելով հայկական կողմին։

«Միայն Հայաստանը կարող է վերջ դնել պատերազմին, երբ նա ընդունի պարտությունը և մեր հաղթանակը, և հետո՝ տարածքների ազատագրումը]»,- հայտարարել է Ալիևը։

Մեկնաբանելով թուրքական F-16 ինքնաթիռների մասնակցության մասին տեղեկությունները՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրանք տարածաշրջանում են «զորավարժությունների պատճառով»:

«Դրանք մնացին, քանի որ հայկական կողմը մեզ վրա հարձակվեց։ Դրանք համերաշխության նշան են, մարտերում ներգրավված չեն, և նրանց մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է Ալիևը ։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքվի պահանջն է, որ «յոթ շրջանները պետք է վերադարձվեն, Լեռնային Ղարաբաղից արտաքսված 40 հազար ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ այնտեղ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ