Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարների շրջանում առկա է Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ուստի իրենք պատրաստ են քննարկել ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին: Նրա խոսքով` Նիդերլանդներում հայ համայնքն ունի մեծ համակրանք, որի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ, ստեղծագործելու և բիզնես ոլորտում աշխատելու ձիրքով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հաագայում աշխատանքային օրը սկսել գործարարների հանդիպումով և նիդերլանդական բիզնեսին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու գրավչությունը՝ նաև ներկայիս մարտահրավերների լույսի ներքո։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանդիպումը անցկացնելու համար և ներկայացրել մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:
- Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդերի թագավորություն
- Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման արդյունավետ բարեփոխումներ նաև Եվրոպական միության օժանդակությամբ, որոնք միտված են ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում:
Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին` վարչապետը խոսել է Հյուսիս- հարավ ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը զբոսաշրջության, այդ թվում` գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս առկա են լայն հնարավորություններ:
Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: