ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն:
«Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ և պատիվ ունեմ արձանագրել, որ այս դրույթն իրացվել է լիարժեքորեն: Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում այդ կարգի շեշտադրումներ անել, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ երբեմն Հայաստանի Հանրապետությունում չեն նկատում, որ, օրինակ, մեր երկրից դուրս է մղվել «ընտրություններ կեղծել» հասկացությունը: Հնդկական ասույթ կա, որը վերջերս շատ եմ հիշում, ասում է՝ այն ի՞նչն է, ինչը, որը չես նկատում, քանի դեռ չի հեռացել: Ըստ վարկածի՝ դա առողջությունն է: Հիմա՝ այն ի՞նչն է, ինչը, որի գոյությունը չես էլ տեսնում, քանի դեռ այն չի հեռացել, դա ժողովրդավարությունն է, ազատ ընտրություններն են»,-ասաց ՀՀ վարչապետը: