Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը մայիսի 21-ին այցել է Կիև։ Անվտանգության նկատառումներից ելնելով նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։
Բերբոքը այցել է անցած ամսին ռուսական ուժերի կողմից ոչնչացված Ուկրաինայի խոշոր էլեկտրակայաններից մեկը։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է խաղաղ բնակչության դեմ նպատակաուղղված ահաբեկչություն կատարելու մեջ։
Բերբոքը միջազգային հանրությանը կոչ է արել ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։ «Ռուսական հրթիռների ու անօդաչուների կարկուտից պաշտպանվելու համար Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն», – ասել է նա։
2022 թվականի փետրվարից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո սա Գերմանիայի արտգործնախարարի 7-րդ այցն է Ուկրաինա։