2020 թվականի մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը անցկացրեց խորհրդակցություն նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։
Քննարկվեցին ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվեցին հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների:
Քննարկվեցին նաև կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Հանձնարարվեց բնակչությանը տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դիմել մասնագիտացված բուժկենտրոններ:
Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին հանձնարարվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերի ընթացքում քննարկել և ներդնել ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ը։
Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնարարվեց իրենց ստորաբաժանումներում ստեղծել 5-10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։
Հանձնարարվեց նաև բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ հսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ mes.am:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։