Արարատյան գոգավորությունում վերջին օրերին նկատվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ այս իրավիճակը պայմանավորված է անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով և քամիների բացակայությամբ։ Արդյունքում, գոգավորությունում ձևավորվել է սառը օդի լճացում, որը նպաստել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճին։ Փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն, սակայն, չի դիտվել։
Ըստ մասնագետների, առաջիկա հինգ օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։ Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչը կնպաստի օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացմանը։ Այս պայմաններում խորհուրդ է տրվում խուսափել երկարատև բացօթյա գործունեությունից, հատկապես՝ ռիսկային խմբերի համար։

