fbpx
Խորհրդարան

ԱԺ հանձնաժողվների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությունները

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացնելով առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ եզրակացությունը, տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացում գործունեության տեսակի լիցենզավորման գործընթացներն իրականացրել է ՀՀ օրենսդրության պահանջներն անտեսելով: Դավիթ Չիբուխչյանը մասնավորապես ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում շուրջ 400 լիցենզավորված անձանցից 268-ը չեն ներկայացրել մասնագիտական որակավորման վերաբերյալ փաստաթղթեր: Ըստ ՀՀ լիցենզավորման կարգի` դրանք պետք է ներկայացվեն լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, ինչը, ըստ զեկուցողի, լիցենզիայի գործողության կասեցման հիմք է:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրել է նաև մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են և կիրառման փուլում են:

Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կառույցի ընթացիկ եզրակացությունը, որը ներառում է 2017թ-ի հունվարի 1-ից մինչև 2018թ-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Զեկուցողի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը բացահայտել է մի շարք խախտումներ: Մասնավորապես, համեմատվել են 167 անուն սարքավորումների, կահույքի, պարագաների ու մատակարարների կողմից ձեռք բերման գները, որի արդյունքում պարզվել է, որ տարբերությունը կազմել է 847,269.0 հազ դրամ: Ըստ Գեղամ Հովեյանի` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից կազմակերպված և անցկացված մրցույթներն առանձին չափաբաժիններով գնահատելու դեպքում կտնտեսվեր 184,441.6 հազ. դրամ:

Հաշվեքննիչ պալատը նաև ներկայացրել է մի շարք առաջարկություններ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է գերատեսչության պարզաբանություններն ու առարկությունները` Հաշվեքննիչ պալատի արձանագրած անհամապատասխանությունների վերաբերյալ:

ԱԺ պատգամավորները հնչեցրել են հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանձնաժողովների նախագահները կարևորել են նմանատիպ ձևաչափերով քննարկումները և նշել, որ նրանք հետամուտ են լինելու արձանագրված խնդիրների լուծմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ