fbpx
Խորհրդարան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Միքայել Մելքումյանի նախագահությամբ:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Օրենքում «դիսկլամացիա» հասկացությունն առաջարկվում է խմբագրել, ըստ որի դիսկլամացիան ապրանքային նշանի որևևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարությունն է: Նախագծով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր: Առաջարկվում է փոխել ապրանքային նշանի չօգտագործման ժամկետը՝ 5 տարին դարձնելով 3 տարի, որպեսզի չօգտագործվող ապրանքային նշանները կարողանան արագ մուտք գործել շուկա: Զեկուցողի խոսքով՝ ապրանքային նշանները, եթե երեք տարի անընդմեջ չեն օգտագործվում, արժեզրկվում են: Եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելուց մինչև երեք ամիս առաջ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց ներկայացնելու հավանականության մասին: Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին:

Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Օրենսդիրները քննարկումների ընթացքում խնդրահարույց են համարել ապրանքային նշանի չօգտագործման ժամկետը 3 տարի նախատեսելը, առաջարկել այդ հարցումճյուղային տարանջատում սահմանել ապրանքային նշանների միջև, անդրադարձել ճանաչված և օգտագործվող ապրանքային նշանների գրանցման մերժմանը, նախագծում ապրանքային նշանի գրանցումը մերժելու բարարձակ հիմքերի բացակայությանը:

Միքայել Մելքումյանն առաջարկել է կառավարությանն առաջինից երկրորդ ընթերցում վիճահարույց խնդիրները շտկել:

Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն:

Այնուհետև ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի ու Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի Միքայել Մելքումյանը: Կողմերն առաջիկայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է կազմակերպել լսումներ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանն առնչվող թեմայով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման հիմնախնդիրներին: Նշվել է, որ ԵԱՏՄ-ին միանալու շրջանակում նախաձեռնվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկական, նաևբնական գազի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթաց: էլեկտրաէներգետիկական շուկայիձևավորումն ընթացքի մեջ է, կա ծրագիր:Գարեգին Բաղրամյանը խոսել է 2018 թ. «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխության մասին, որով ձևավորվել են մի շարք նոր ինստիտուտներ, մասնավորապես մատակարարմանն առնչվող: Նոր օրենքով բաշխման համակարգը կշարունակի մնալ բացառիկ իրավունք, իսկ վաճառքի գործառույթն այսուհետ կլինի ոչ մենաշնորհային: Օրենքով նախատեսվում է տրեյդերների ինստիտուտի ձևավորում. դրանք իրենց գործունեությունն իրականացնելու են էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայում: Բանախոսը տեղեկացրել է, որ նախատեսվում են ենթաօրենսդրության փոփոխություններ, շուկայի ազատականացման գործընթաց, որը ենթադրելու է սպառողների, մատակարարի և էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների փոխադարձ պատասխանատվության մեխանիզմների սահմանում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ գործընթացը պետք է զուգորդվի միջսահմանային առևտրի զարգացմամբ: Նախատեսվում է էլեկտրոնային հարթակի ձևավորում, որտեղ էլեկտրաէներգիայի առուվաճառք է իրականացվելու:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում և ելույթներում անդրադարձել են բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծերի հզորացման գործընթացին, էլեկտրաէներգիայի և գազի սպառման ու մատակարարման ոլորտում խնդիրներին, հաշվիչների վերահսկողության ուժեղացմանը, շուկայում մրցակցությանը, էլեկտրաէներգիայի վաճառքի և մատակարարման գործընթացներին «սեզոնային սակագներ» գաղափարի ներդրմանը, ներտնային սպասարկում իրականացնող ընկերությունների շրջանում մրցակցության ապահովմանը և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ Գարեգին Բաղրամյանը պարզաբանումներ է ներկայացրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ