Ապրիլի 30-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել Հարկային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ, որը 7-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին լսումներն են:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խնդրեց, որ հարցերն ու ելույթները լինեն թեմայի շրջանակներում:
«Չենք մոռանում՝ ինչի համար ենք հավաքվել, քննարկում ենք Հարկային օրենսգիրքն իր փոփոխություններով», – ասաց Թունյանը:
Իսկ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների տրամաբանությունը:
«Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են այն առումով, որ արդեն իսկ ԱԱՀ-ից և ակցիզային հարկից ազատված է արտահանվող ապրանքը, հետևաբար` աջակցությունը պետք է լինի հարկերի գծով բեռի նվազեցումը: Այդպես էլ առաջարկվում է նախագծով. գիտեք, որ առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը երկու տոկոսային կետով և ներդնել եկամտահարկի համահարթ դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020թ․-ի հունվարի 1-ից 23 տոկոս դրույքաչափով, այնուհետ նվազեցնելով մեկական տոկոս` մինչև 20 տոկոս: Այս փոփոխությունները հանգեցնում են պետբյուջեի եկամուտների կորստին»,- ասաց նա: