Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովը հայտնել է, որ Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
«Հանդիպմանը երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին և 2020 թ․ դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարևորությունն ընդգծող բանաձևերի ընդունման կապակցությամբ։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:
Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից՝ պատմելով նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: