ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենքներ, ըստ որոնց՝ հնարավոր է, որ պատժամիջոցներ սահմանվեն Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ: Պեկինն օրենքները որակել ԱՄՆ-ի «հեգեմոնիստական գործելակերպի» դրսևորում:
Մեկնաբանների մեծամասնությունը օրենքները դիտարկում է որպես աջակցություն Հոնկոնգի դեմոկրատական շարժումներին: Նրանց կողմնակիցների ու ոստիկանության միջև բախումները Հոնկոնգի փողոցներում շարունակվում են արդեն մի քանի ամիս:
Ինչպես գրում է New York Times-ը, Թրամփի կողմից ստորագրված օրենքներից մեկը նախատեսում է անհատական պատժամիջոցների սահմանում Չինաստանի և նրա հատուկ վարչական շրջանի պաշտոնյաների նկատմամբ, իսկ պատճառը մարդու իրավունքների խախտումներն են:
Բացի դրանից՝ Պետդեպարտամենտն ամեն տարի հաստատելու է Հոնկոնգի՝ որպես ԱՄՆ-ի առևտրական գործընկերոջ հատուկ կարգավիճակը: Ներկայում ինքնավար շրջանն օգտվում է արտոնություններից:
Թրամփի կողմից ստորագրված ևս մեկ օրենք արգելում է որոշակի կատեգորիայի ոստիկանական հանդերձանքի մատակարարումը Հոնկոնգին:
Պեկինում և Հոնկոնգում իշխանություններն օրինագծերը քննադատում էին դեռ դրանց քննարկման փուլում: Հոնկոնգի վարչակազմը ԱՄՆ-ի գորողությունները որակել է միջամտություն ներքին գործերին և նշել է, որ օրենքների ընդունումը կարող է վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:

