ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ցույց է տալիս Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող արմատական փոփոխությունները։ Ամերիկյան կողմն անցում է կատարում գլոբալ պատասխանատվության վերաբաշխման նոր մոդելի, որտեղ առանձնահատուկ կարևորվում են այն տարածաշրջանային գործընկերները, որոնք պատրաստ են սեփական ուսերին վերցնել անվտանգության ապահովման մի մասը։ Եվ այս համատեքստում Հարավային Կովկասը դառնում է թեժ կետերից մեկը:
Ի՞նչ է սա նշանակում մեզ համար և ո՞րն է Ադրբեջանի դերը.
Բաքուն՝ որպես հիմնական հանգույց. Վաշինգտոնը Ադրբեջանին տեսնում է որպես պետություն, որը պետք է պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի համար։ Պատճառները պարզ են՝ սահման Ռուսաստանի ու Իրանի հետ և զարգացած ենթակառուցվածքներ:
Էներգետիկ անկախություն Ռուսաստանից.
Ադրբեջանը դիտարկվում է որպես Կենտրոնական Ասիայի ռեսուրսները (էներգակիրներ, միներալներ) Եվրոպա հասցնելու հիմնական ճանապարհ՝ շրջանցելով Մոսկվային։ Այստեղ է հայտնվում նաև «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագիծը։
Իրանի գործոնը.
ԱՄՆ-ն ցանկանում է Բաքվին տեսնել Իրանի ազդեցությունը զսպողի դերում և ակնկալում է նոր ձևաչափերով համագործակցություն (նույնիսկ «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում)։
Բայց կան հստակ «կարմիր գծեր» և պայմաններ.
ԱՄՆ վարչակազմը բաց հայտարարում է՝ գործընկերության խորացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե՝
1. Հայաստանի հետ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտվի։
2. Վերանայվի 907-րդ ուղղումը (որը սահմանափակում է Բաքվին տրվող օգնությունը)։
Ամենամեծ ռիսկն այն է, որ Վաշինգտոնն Ադրբեջանին սկսում է դիտարկել որպես տարածաշրջանային անվտանգության գլխավոր հենասյուն, սա էլ իր հերթին հանգեցնելու է ուժերի լուրջ անհավասարության: Եթե Ադրբեջանը ստանձնի տարածաշրջանային «պատասխանատուի» դերը, ԱՄՆ-ն կարող է սկսել աչք փակել Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների վրա՝ հանուն իր ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի: Սրան գումարվում է նաև 907-րդ ուղղման հնարավոր վերանայումը, ինչը թույլ կտա Ադրբեջանին ստանալ ուղղակի ամերիկյան ռազմական օգնություն և էլ ավելի մեծացնել իր ռազմական առավելությունը Հայաստանի նկատմամբ:
Մյուս կողմից, Վաշինգտոնի ձգտումը՝ Ադրբեջանն օգտագործել որպես Իրանին զսպող գործոն, Հայաստանի համար ստեղծում է լրացուցիչ լարվածություն: Եթե հայկական սահմանների մոտ աճի հակաիրանական գործունեությունը կամ Հայաստանը ներքաշվի այդ բախումների մեջ, մենք կարող ենք կորցնել Իրանի հետ մեր կենսական կապը, որն այսօր մեր միակ հուսալի ելքերից մեկն է դեպի արտաքին աշխարհ: Բացի այդ, ԱՄՆ-ն շահագրգռված է տնտեսական միջանցքների արագ գործարկմամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանի վրա կարող է գործադրվել ուժեղ դիվանագիտական ճնշում՝ գնալու ցավոտ ու անհամաչափ զիջումների, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ:
Իսկ մենք չունենք դիվանագիտություն, որ այս ամենի արդյունքում Հայաստանը անկախ սցենար ունենա ու առաջ մղի սեփական շահերի պաշտպանության ակտիվ մարտավարությունը: Մենք պետք է կարողանանք Արևմուտքին ապացուցել, որ առանց մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման տարածաշրջանում որևէ կայունություն հնարավոր չէ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է առավելագույնս արագացնել բանակի վերազինումը նոր գործընկերների միջոցով և վարել այնպիսի ճկուն քաղաքականություն, որը թույլ կտա պահպանել հավասարակշռված հարաբերություններ:
Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ իր պետական շահերը դառնան մանրադրամ գերտերությունների մեծ աշխարհաքաղաքական առևտրում:

