Թուրքական առաջին IMECE դիտորդ-արբանյակի արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի Վանդենբերգի կայանից (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։
Արձակումն ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 23.47-ին իրականացրել է SpaceX ընկերությունը։ Այն բազմիցս հետաձգվել է, վերջին անգամ դա տեղի է ունեցել մեկ օր առաջ՝ ուժեղ քամու պատճառով։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ավելի վաղ ելույթ ունենալով TRT-ի եթերում, նշել էր, որ նախատեսվում է արբանյակի հնարավորությունները գործադրել ռազմական կարիքների համար։ Նրա խոսքով՝ արբանյակային լուսանկարների օգտագործման շնորհիվ «կբարձրանան հետախուզության եւ մարտական կառավարման առաջադրանքների կատարման հնարավորությունները»։
IMECE-ն Երկրի մակերեսի դիտարկման արբանյակ է։ Այն պետք է մտցվի Արեւի սինքրոն ուղեծիր՝ 680 կիլոմետր բարձրությամբ։ Սարքը կկարողանա ստանալ եւ փոխանցել լուսանկարներ՝ 1 մետրից ոչ պակաս դետալացմամբ, որոնք կարող են օգտագործվել, մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման, ինչպես նաեւ տարերային աղետների դեմ պայքարի եւ կլիմայական պրոցեսներին հետեւելու համար։