Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը գրառմամբ հայտնել է, որ Ամստերդամի քաղաքապետը այցելել է Մել Դալուզյանին։
«Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելին։
«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։
Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակը՝ կայուն»։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին անդամ ծանրորդուհի Մել Դալուզյանը, ով բնակություն է հաստատել Հոլանդիայում, դանակահարվել է Ամստերդամում։