Ամուլսարի հարցում լիբանանյան «Էլարդ» ընկերության հետ մեծ տեսակապի ընթացքում շոշափված հարցերը խնդրի համատեքստում ստեղծում են թերևս նոր հարցադրման առիթ: Համենայնդեպս, նաև քննարկման ընթացքում Քննչական կոմիտեի ղեկավարին, նաև անմիջական գործով քննիչ Իվանյանին ուղղված հարցերը հիմք են տալիս դիտարկելու, թե արդյոք Ամուլսարի գործն իր այս կամ այն զարգացման պարագայում կարո՞ղ է հանգեցնել նաև իրավապահ համակարգում, մասնավորապես, Քննչական կոմիտեում կադրային աղմկոտ փոփոխությունների: Դրա մասին միարժեք խոսելու հիմքեր կարծես թե չկան, գոնե առայժմ, սակայն արդեն իսկ առկա են հարցեր առաջացնող մի շարք իրողություններ, ընդ որում՝ հարցեր ընդհուպ վարչապետի մակարդակում՝ ինչպես երևաց քննարկումից: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Զուգահեռ, իհարկե, ծավալվեց տեղեկատվությունը քննիչ Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարազատական կապի մասին, որն, ըստ բնապահպանների, կարող էր դեր խաղալ Ամուլսարի հարցում քննչական գործընթացի ղեկավարի վարքագծի վրա, որը շահագրգռված պետք է լիներ դեռևս նախկին իշխանության շրջանում Ամուլսարի գործընթացի ծավալման համար որոշակի պատասխանատվություն ունեցած բնապահպանության նախարար հորեղբորորդուն հանկարծ հարվածի տակ չդնելու համար: Այս դրվագը, սակայն, ինքնին ավելի շատ տեղեկատվական էֆեկտի առարկա է, որովհետև, ի վերջո, խնդիրն այն չէ, թե ում ազգականը կամ հարազատն է Իվանյանը, այլ այն, թե կա՞ն արդյոք հիմքեր և ապացույցներ, որ նա իր գործն արել է վատ: Առայժմ այդ ամենը ենթադրության, կասկածների, բայց, ինչպես քննարկումը ցույց տվեց, նաև վարչապետի համար առաջացած հարցերի տիրույթում են: Ըստ այդմ, կարո՞ղ են արդյոք կադրային փոփոխություններ լինել ՔԿ-ում, եթե, օրինակ, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը որոշի, որ անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ: