ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Քննարկվել են աշխատանքների որակի ապահովմանը, սահմանված ժամկետների խստիվ պահպանմանը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրին համահունչ մոտեցումների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ վերջին ամիսներին նման հաճախակի այցերը չէին լինի, եթե հանրությունը սուր քննադատության չարժանացներ շինարարական կազմակերպության կողմից հուշարձանն ավերելու գործընթացին։ Փաստի հրապարակումից հետո կարիք առաջացավ հանրությանը պարբերաբար ներկայացնել, թե կառավարությունը մտահոգ է և որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն անցյալ տարի ստեղծվել էր շինարարական կազմակերպության անփույթ կամ դիտավորյալ գործողության հետևանքով։ ԿԳՄՍ նախարարի պարբերական այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր հենց այդ փաստով են պայմանավորված։ Սակայն հարցն այն է, որ եթե հուշարձանը ԿԳՄՍ ղեկավարության համար իրապես լիներ կարևոր արժեք, ապա շինարարության նկատմամբ վերահսկողությունը կլիներ շատ ավելի վաղ փուլից, ոչ թե այն պահից, երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել շինարարների անպատասխանատու, միգուցև՝ հանցավոր, գործունեության մասին։

