ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դոհայում կայացած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Նախարարը իր ելույթում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և ներկայացրել է 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղությունները:
Նա անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը: Նախարարը կարևորել է կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) դերը և ներկայացրել է ՀՀ կողմից իրականացված բարեփոխումները՝ երկրորդ շրջափուլի գնահատման շրջանակներում:
Սրբուհի Գալյանը նաև ընդգծել է թափանցիկության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրման մասին: Համաժողովի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձառությունները և համագործակցության նոր հնարավորությունները:

