2021 թվականի հունիսի 25-ին «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը:
ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000 ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018 թվականի մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:
Դատախազությունից հայտնում են, որ հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018 թվականի մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը:
Նշվում է, որ դրանից հետո` 2019 թվականի մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: