Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արևելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար և քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը:
Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին, որտեղ Բունդեսթագի նախագահ Վալտեր Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է Արարատ Միրզոյանին գերմանական խորհրդարանում:
Հայ խորհրդարանականները Զաարլանդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մանֆրեդ Շմիթի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են կրթության և հետազոտության ոլորտներում հայ-գերմանական հնարավոր նոր համագործակցության շրջանակին վերաբերող հարցեր:
Զաարլանդ երկրամաս ժամանած ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զաարլուսի քաղաքապետ Պետեր Դեմերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը գրառում է կատարել Զաարլուսի քաղաքի պատվավոր հյուրերի գրքում:
Մարտի 21-ին սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: