Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու իրավունքների և բարձրագույն արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Կարծում ենք` եթե գերտերությունների ղեկավարները ժամանակին դատապարտեին հայերի նկատմամբ իրականացրած մեծ եղեռնը, Ադրբեջանն ու Թուրքիան չէին հանդգնի իրագործել Արցախի ժողովրդի ոչնչացման ոճրագործ ծրագիրը, որը ոչ այլ ինչ է ,քան 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։