Արցախ

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ մայիսի 3-ին հանդիպել է Արցախում գործող մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատության համար լրագրողական համայնքի ներկայացուցիչները բնական դաշնակիցներ են, քանզի շատ հաճախ հենց լրագրողների արդյունավետ մասնագիտական գործունեության շնորհիվ են բարձրաձայնվում մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։

Կլոր սեղան-քննարկման շրջանակներում լրագրողների կողմից բարձրաձայվել են այն հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, որոնց նրանք բախվում են մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում՝ մասնավորապես ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված անվտանգային հարցերի լուսաբանման բնագավառում։

Ընդգծվել է, որ հաճախ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, անհիմն կերպով հղում անելով առկա սահմանափակումներին, հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել այս կամ այն խնդիրների և հարցերի շուրջ, և առկա իրավակարգավորումների հստակեցման անհրաժեշտություն կա։

Արձանագրվող խնդիրների շարքից են նաև տեղեկություններ ստանալու իրավունքի այնպիսի խախտումներ, ինչպիսիք են հայցվող տեղեկատվություն չտրամադրելը, օրենսդրությամբ սահմանված ժամկետների չպահպանելը և կայուն հաղորդակցություն վարելուց հրաժարվելը։

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ հանրությանն ու լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելը հանրային իշխանությունների և պետական մարմինների պարտականությունն է, որը պետք է պատշաճ իրականացվի։
ՄԻՊ-ը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել գործողություններ բարձրացված հարցերի լուծումներին աջակցելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ