Վաշինգտոնի և Բրյուսելի ներգրավվածությունը որպես միջնորդներ հույս է տվել, որ խաղաղությունը մոտ է։ Արդյոք հիմա կարծու՞մ եք, որ խաղաղությունը մոտ է։
«Politico Europe» պարբերականի այս հարցին պատասխանելով ՀՀ վարչապետը նշել է.
«Բանակցային գործընթացում, կարծում եմ, շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել: Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել՝ դա Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածություններն են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 հազար 800 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության պարագայում. և 86 հազար 600 քառակուսի կմ Ադրբեջանի պարագայում՝ տարածքային ամբողջականությունը:
Ըստ էության, այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, բայց խնդիրն այն է, օրինակ՝ ես այդ պայմանավորվածությունից հետո հրապարակային վերահաստատել եմ և հիմա էլ վերահաստատում եմ մեր հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ:
Այս իրավիճակը գուցե նաև ցույց է տալիս, թե որ կողմն է շահագրգռված մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայով:
Մյուս կողմից՝ պետք է արձանագրեմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, իհարկե, շատ նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղության գործընթացի վրա, և դրա, այսպես ասած, անկեղծությունն է կասկածի տակ դնում:
Նաև իմ նշած պայմանավորվածությունների համատեքստում էական է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հասցեագրման միջազգային մեխանիզմի ձևավորումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

