Մոդուլային փոքր ատոմային կայանների գաղափարը Վենսի այցից հետո հաճախ է քննարկվում։ Առաջին հայացքից սա ունի գրավիչ կողմեր։ Մոդուլային կայանները փոքր հզորության են, նախատեսված են փուլային կառուցման համար, տեսականորեն պահանջում են ավելի կառավարելի ներդրում և կարող են կառուցվել ավելի արագ, քան դասական մեծ ատոմակայանները։ Նախագծերում մեծ շեշտ է դրվում նաև անվտանգության ժամանակակից համակարգերի վրա։
Բացի այդ, աշխարհում արդեն կան փոքր կամ մոդուլային ռեակտորների կիրառման որոշ օրինակներ՝ հիմնականում մեկուսացված համակարգերում կամ փորձարարական ձևաչափով։ Այսինքն՝ խոսքը ֆանտաստիկ գաղափարի մասին չէ։
Բայց այստեղ է սկսվում հիմնական «բայց»-ը։ Այս պահին աշխարհում չկա քաղաքացիական մոդուլային փոքր ատոմակայան, որը լիարժեք աշխատի որպես երկրի ազգային էլեկտրացանցի ինտեգրված տարր՝ նույն կարգավիճակով, ինչ դասական ատոմակայանները։ Կան նավային, կամ մեկուսացված լուծումներ, ինչպես օրինակ՝ հեռավոր զորամասերի համար, կան նաև փորձարարական բլոկներ, բայց չկա երկարաժամկետ ապացուցված փորձ ազգային բաշխիչ ցանցի մասշտաբով։
Սա նշանակում է, որ եթե Հայաստանը ընտրի այս ճանապարհը, փաստացի դառնում է վաղ կիրառող պետություն։ Իսկ էներգետիկ հիմքի ոլորտում վաղ կիրառող լինելը միշտ բարձր ռիսկ է։ Ավելանում են նաև կարգավորման, վերահսկողության և կախվածության հարցերը՝ վառելիքի մատակարարումից մինչև սպասարկում ու թափոնների կառավարում։
Ուստի այս պահին ամենաօբյեկտիվ գնահատականը սա է՝ մոդուլային փոքր ատոմակայանները հետաքրքիր և հեռանկարային ուղղություն են, բայց Հայաստանի համար դեռ չեն կարող դիտվել որպես փորձված և առանցքային լուծում ազգային էլեկտրացանցի հիմքը պահելու համար։
Իրական քննարկումը պետք է լինի ոչ թե «նոր է, թե հին», այլ՝ արդյոք մենք պատրաստ ենք լինել փորձարկող երկիր, և արդյոք այս լուծումը մեզ տալիս է իրական էներգետիկ անկախություն, թե պարզապես փոխում է կախվածության աղբյուրը։

