Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման կապակցությամբ Նարեկ Այվազյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
ՔՊ-ական նախարարը հերթական անգամ ուրախանում է ադրբեջանական բենզին ներմուծելու լուրով։ Սա զարմանալի չէ։ Սա նույն իշխանության հեղինակազրկող քաղաքականության հաջորդ դրսևորումն է։ Կպարզվի նաև ներմուծողն ով է, ինչը ցույց կտա նրա կապակցվածությունը պատերազմի աղետալի ընթացքի հետ։ Եթե գիտեք, ասեք՝ ես էլ իմանամ։
Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում են նրանք, ովքեր դա արդարացնում են։ Ասում են՝ թող գինը էժանանա, կարևորը դա է։
Այս մտածողությունը վտանգավոր է։ Որովհետև դա արհամարհում է այն մարդկանց ցավը, ովքեր դեռ սպասում են անհետ կորածների վերադարձին, որոնց հարազատները ռազմագերիներ են, ովքեր կորցրել են իրենց հայրերին, որդիներին, եղբայրներին։
Դա անտեսում է հարյուր հազարավոր ընտանիքների, ովքեր կորցրել են իրենց տները, աշխարհը։
Այսքանից հետո ադրբեջանական բենզին ներմուծելը ներկայացնել որպես «շահավետ քայլ»՝ անսիրտ վերաբերմունք է։
Եթե չես կարողանում զգալ կողքինիդ ցավը, եթե չես կարողանում կիսել, սփոփել կամ գոնե հարգել նրա վերքերը, ապա խոսել արժանապատվությունից արդեն ավելորդ է։
Խոսքը միայն տնտեսության մասին չէ։ Եթե տնտեսության մասին լիներ, ապա տասնյակ ձևեր կան էժանի, տասնյակ ձևեր կան որակովի։
Խոսքը ինքնության մասին է։ Ով ուրախանում է նման որոշումներով, առանց մտածելու հետևանքների մասին, դեռ չեմ էլ ասում անվտանգության մասին, փաստացի ընդունում է, որ հարմարավետությունն ավելի կարևոր է, քան պարտքը՝ պատերազմի հետևանքները կրող մեր քաղաքացիների նկատմամբ։ Այդ մտածողությունը լռեցնում է ազգային, մարդկային և քաղաքական արժանապատվությունը։
Իսկ դրա գլխավոր պատասխանատուները պետական ղեկավարներն են։ Նրանք տարիներ շարունակ ձևականությամբ, անգործությամբ ու տգիտությամբ քանդել են արժեքները, ինստիտուտները, վստահությունը։
Նրանք որոշել են ժողովրդի փոխարեն՝ ինչ ճանապարհով պետք է գնա Հայաստանը։ Նրանք ձևավորում են քաղաքականություն, որտեղ հաշվարկվում է միայն գինը, ոչ թե երևույթների խորքային հետևանքը։
Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը սովորական է դարձնում նույն այն հասարակության համար, որը դեռ չի ապաքինվել պատերազմի ցնցումներից։
Դա ոչ միայն ամոթալի է, այլ նաև վտանգավոր՝ վաղվա համար։ Իսկ բենզին ներկրողը, չգիտեմ, թե ով է, դառնալու է այն կամուրջը, որի միջոցով էժան բենզին կբերեն։ Այնուհետև կուլ կտան ամբողջ շուկան և այդուհետ բենզին բերողները երբեք չեն կարողանա դեմ դուրս գալ այդ ամենին՝ լինելով ծանր կոմպրոմատների տակ։
Հ.Գ. Առևտուրը, խաղաղությունը, զարգացումը չբերեք ու էշամտորեն հակադարձեք այն ամենին, ինչի խորքը չեք տեսնում այս գրառման մեջ։ Մի փոքր հեռատեսություն ունենայիք, այն ձեզ կհուշեր, որ վաղը դառնալու եք արևմտյան ադրբեջանի ներքին քարոզիչներից, որովհետև թե էժան բենզին կտան, թե այլ էժան ապրանքներ ու ծառայություններ, որպեսզի ձեզ կյանքը հարմար թվա, ինչպես այգում արածող ցանկացած գառնուկին։

