Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է Շվեյցարիայի Համադաշնությունում գործող իր դեսպանությունը տեղափոխել Ժնևից դեպի երկրի մայրաքաղաք Բեռն։ Այս որոշումը հիմնավորվում է դիվանագիտական հարաբերությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։
Հայաստան-Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ ժամանակից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտում։ Ժնևում ՀՀ դեսպանությունը գործում է 2002 թվականից՝ համատեղելով ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության գործառույթները։ Սակայն, հաշվի առնելով Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը և դիվանագիտական օրակարգերի առանձնահատկությունները, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտել դեսպանությունը տեղափոխել մայրաքաղաք։
Տեղափոխման հիմնական նպատակն է ապահովել ավելի սերտ կապեր Շվեյցարիայում հավատարմագրված դեսպանությունների հետ, որոնք հիմնականում տեղակայված են Բեռնում։ Սա կխթանի քաղաքական երկխոսությունը և կբարձրացնի երկկողմ համագործակցության մակարդակը։ Ժնևում, միևնույն ժամանակ, կշարունակի գործել ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գրասենյակում։
Տեղափոխման համար նախատեսվում է 196 մլն դրամ ծախս՝ ներառյալ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման և այլ անհրաժեշտ ծախսերը։ Տարեկան պահպանման ծախսերը կկազմեն շուրջ 165 մլն դրամ։ Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը դեմ է այս որոշմանը՝ նշելով, որ այն լրացուցիչ բեռ է 2026 թվականի պետական բյուջեի համար։ Ֆինանսների նախարարությունը առաջարկել է հարցը քննարկել բյուջետային գործընթացների շրջանակներում, սակայն ԱԳՆ-ն մերժել է այս առաջարկը։

