Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնության համար ելք կապահովի դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Երասխի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիների հետ՝ Ախուրյան բնակավայրի շրջանում:
Նա նշել էր, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է և, որ բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական եղանակները։
«Նշված հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն կտա ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, որը ելք կապահովի դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Իրանի հետ, որն էլ ելք կապահովի դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ», – լրագրողներին ասել է Օվերչուկը:

