ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է «ARMENIA Security Partnership Act» անվանումով նոր օրինագիծ, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Օրինագիծը նպատակ ունի արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, մինչև Ալիևի վարչակարգը չիրականացնի հստակ քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս քայլերի թվում են՝ հայ գերիների և պատանդների անհապաղ ազատումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, Արցախի հայության վերադարձի իրավունքի իրացումը և հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ակտիվ աշխատանքի արդյունքում օրինագիծը ստացել է լայն աջակցություն։ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ այս օրինագիծը դադարեցնում է Ադրբեջանի ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ամրապնդում է ԱՄՆ արտաքին քաղաքականության խաղաղության չափորոշիչները։ Օրինագիծը նաև նախատեսում է Հայաստանի համար անվտանգության աջակցության վերանայում՝ երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները բարձրացնելու նպատակով։ Սպասվում է, որ օրինագիծը առաջիկա շաբաթներին կստանա լայն երկկուսակցական աջակցություն։

