Հայաստանի պետական կամերային նվագախումբը փետրվարի 27-ին բացառիկ համերգով հանդես է եկել Բեյրութի Ամերիկյան համալսարանում՝ ներկայացնելով հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Լույսին, լույսով» խորագիրը կրող համերգը, որին ներկա էր շուրջ 750 հանդիսատես, կրում էր միասնության, հույսի և հոգևոր վերածննդի ուղերձ։ Երեկոն ղեկավարել է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը, իսկ մենակատարներն էին լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը և բրիտանահայ դաշնակահարուհի Մարիա Պալազյանը։
Համերգի ծրագրում հնչել են Էդվարդ Միրզոյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև Արդիտիի, Պուչինիի և Էնդրյու Լլոյդ Ուեբերի օպերային արիաները։ Հայրենասիրական երգերը կատարվել են ամբողջ դահլիճի միասնական երգեցողությամբ՝ վերածվելով միասնության խորհրդանիշի։ Միջոցառմանը ներկա էին Լիբանանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դիվանագետներ և քաղաքական գործիչներ։ Համերգը ձայնագրվել է MTV Լիբանանի կողմից և կհեռարձակվի լայն լսարանի համար։
Հյուրախաղերի շրջանակում նվագախումբը այցելել է Անթիլիասի Մայր Աթոռ՝ հանդիպելով Նորին Սրբություն Արամ Ա Կաթողիկոսին, ով ընդգծել է մշակութային արժեքների պահպանման և տարածման կարևորությունը։ Նվագախումբը ստացել է բազմաթիվ հրավերներ և համագործակցության առաջարկներ, ինչը վկայում է մշակութային նոր կամուրջների ձևավորման իրական հնարավորության մասին։ Հյուրախաղերը կազմակերպվել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, ՀՊԿՆ-ի և Լոնդոնի KCCA-ի համատեղ նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

