Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ կապված հայկական եկեղեցիների վերականգնման հետ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերականգնման նախագծին, որը վնասվել էր 2023-ի երկրաշարժի հետևանքով։
Բացի այդ, քննարկվել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման ընթացքը և Վանի Վարագավանքի վերականգնման կարևորությունը։ Պատրիարք Մաշալյանը նշել է, որ Վարագավանքի վերականգնումը զգալի ազդեցություն կունենա շրջանի զբոսաշրջության զարգացման վրա և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը։ Այցի ընթացքում նաև տեղեկություններ են տրամադրվել Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ։

