Առողջապահություն
16:51 14/01/2020

Առողջապահության նախարարի հետ ունեցել ենք փոխըմբռնում․ Ռոմանոս Պետրոսյան

Որևէ միտում չկա քաղաքացու շահը ստորադասելու կամ նրա շահին դեմ գնալու, պարզապես հնչել են բազմաթիվ մտահոգություններ, որոնք գուցե այդ որոշում կայացնողները հաշվի չէին առել կամ խորապես չեն ուսումնասիրել, հիմա այս թնջուկը ևս մեկ անգամ առիթ հանդիսացավ, որ Եղվարդի ծննդատան լուծարման հարցը բարձրացվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ոլորտի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, այդ նախարարությունն է տարեկան բյուջեն կազմում, ֆինանսավորումը, քաղաքականությունը մշակում, իսկ մարզպետի ինստիտուտն այդ քաղաքականությունը ներդնում է մարզում, և իրականացնում է ամենօրյա կառավարումը մարզային ենթակայության այնպիսի բուժհաստատություններում ինչպիսին՝ Նաիրի ԲԿ-ն է։ Մասնավորապես, Նաիրի ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին գրավոր որոշում մենք չենք ստացել, պարզապես նախարարության մեր գործընկերները մինչև այս մեզ հայտնել էին, որ նման քաղաքականություն են պատրաստվում իրականացնել այն փաստերի հիման վրա, որոնք պարոն Թորոսյանն արդեն հրապարակել է»,-ասաց մարզպետը։

Նա ասաց, որ հունվարի 8-ին պաշտոնական գրությամբ դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ վերանայելու մարզերում առկա մի քանի ծննդատների լուծարման որոշումը։ Դիմումում հայտնել է մտահոգությունները, փաստերն է ներկայացրել, որ Եղվարդի ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը դրականորեն տարբերվում է այլ ծննդատներից։

«Տարբերվում է այն իմաստով, որ 2018-ի համեմատությամբ 2019-ին ունեցել ենք ծննդօգնության աճ. 2018-ին ընդունել են 119 ծնունդ, 2019-ին՝ 136։ Այն շեմը, որը նշել է նախարարը, այդ շեմը մենք զիջում ենք մեկուկես տասնյակով, որը լիահույս եմ բուժծառայությունների որակի բարձրացմամբ այս տարի այդ շեմն էլ կհաղթահարենք»,-ասաց նա։

Մարզպետը շեշտեց, որ առողջապահության նախարարի հետ ունեցել են փոխըմբռնում։

«Մարզային ենթակայությանը մեկ այլ ծննդատուն ունենք՝ Աբովյանի ծննդատունն է, որը բավականին հեռու է Եղվարդից և այլ տարբերակը՝ մայրքաղաքի ծննդատներն են, որոնք դարձյալ հեռու են, չնայած, որ նախարարը փաստում էր, որ ամենամոտ համայնքներից է։ Ամենամոտ համայնքը Եղվարդն է, բայց այդ համայնքը սպասարկում է այլ գյուղեր»,-հավելեց Ռոմանոս Պետրոսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ