Ոստիկանությունն այսօր արձագանքել է Արփինե հովհաննիսյանի երեկ կատարած գրառմանը։ Արձագանքի մեջ նշվում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»։
Հիշեցնենք, որ Արփին է Հովհաննիսյանը երեկ գրառում էր կատարել, որում ոստիկանությանը համարել էր նախընտրական ճնշման գործիք։
«Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:
Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:
Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:
Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:
Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:
Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով», – գրել էր Արփինե Հովհաննիսյանը։