Հանրային քաղաքականությամբ զբաղվելուց չեմ խուսափելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Խոսելով իր հետագա անելիքների մսին՝ Հովհաննիսյանն ասաց, որ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ Դավիթ Հարությունյանի և իր մի շարք այլ ընկերների հետ հիմնած իրավաբանական ընկերությունում:
«Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբազվեմ՝ գումարած դրան հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալու համար որոշ պրոեկտներ կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ կարող բացել: Կարող եմ ասել, որ հանրային քաղաքականությունից չեմ խուսափելու», – նշեց նա:
Անդրադառնալով նոր խորհրդարանի գործունեությանը՝ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորները կգիտակցեն իրենց վրա դրված բեռը ու հասարակության նկատմամբ ունեցած պատասխանատվությունը:
Դիտարկմանն՝ ինչպե՞ս է վերաբերում այն քննադատություններին, որ նոր ԱԺ-ի պատգամավորները անփորձ երիտասարդներ են, Հովհաննիսյանն ասաց. «Երբեք սրբազան սարսուռով չեմ վերաբերվել տարիքին կամ փորձառությանը, բայց առավել շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը»:

