fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը դիմում է ներկայացրել ԱԱԾ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարեց, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զառշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված:
Արսեն Թորոսյանը հաստատել է, որ իր դիմումը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզ մատակարարող ընկերությունների մրցույթին և «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարի բարձրաձայնած խնդրին: Ըստ էության, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հնարավոր չարաշահումների մասին ԱԱԾ-ին տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
«Խնդիրը բժշկական մի շարք կենտրոններում գնումների գործընթացի միջամտությանն է վերաբերում: Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են և նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Այս պահին դիալիզ ստացող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից և ոչ մի ձևով որակը չի զիջում նրանց, որոնց համար որ նախատեսված են այդ սարքերը», – ասել է Թորոսյանը:
«Ազատության» լրագրողի հարցին՝ հիվանդների առողջությանն ինչո՞վ էր վնասելու, սա է Ձեզ ստիպել դիմել ԱԱԾ, Թորոսյանը պատասխանել է. «Խոսքը այդ սարքավորումների վրա օգտագործվող ծախսանյութերի և փոփոխվող մասերի մատակարարման մասին է, մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից: Սարքերի տեխնիկական սպասարկման անընդհատության խնդիր ունենք»:
Հիշեցնենք, որ երեկվանից մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ գնումների գործընթացում թույլ տված չարաշահումների հետևանքով Պետական վերահսկողության ծառայության մի քանի աշխատակիցներ են ձերբակալվել: Թեև ԱԱԾ-ն ու ՊՎԾ-ն մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չեն տվել, բայց Առողջապահության նախարարի մեկնաբանությունը հիմք է տալիս պնդելու, որ պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Աղբյուրը՝ https://www.aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ